ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՀՀ բնապահպանության նախարար)
-Պարոն Գրիգորյան, Ձեր հրամանի թանաքը դեռ չչորացած, Դուք հանդիպեցիք բնապահպանների, հասարակական սեկտորի հետ. տառապանքը փո՞րձ ուներ, աչքի առաջ նախորդ նախարարի «ծանր կյա՞նքն» էր:
-Տառապանքս, ինչ խոսք, փորձ ունի, բայց ո՛չ այդ ասպարեզում: Ցանկություն կար իրենց ճանաչելու, հասկանալու՝ որպես քաղաքացիական հասարակություն, ոլորտի խնդիրների հետ ծանոթությունն իրենցից սկսելու, որպես աչք՝ կողքից:
-Բաժակո՞վ էին եկել` գետի պղտոր ջրի, ինչպես Ձեր նախորդի հետ «պատահեց», թե՞ առանց բաժակի:
-Ասեմ` իմանաք. շատ հարգալից հանդիպում տեղի ունեցավ, որոշեցինք, որ նման հանդիպումները պետք է հաճախակի լինեն, պետք է ինտենսիվ միմյանց հետ շփվենք-աշխատենք` նորմալ, մարդկային լեզվով, միմյանց հասկանալով:
-Բա չհարցրի՞ք` էն «խեղճ ու կրակ» Արամ Հարությունյանին ինչո՞ւ էին էդ բաժակը դեմ տվել, բա որ խմե՞ր, բա որ թունավորվե՞ր, բա մեղք չէ՞ր` էդքան տարի նախարար էր, հազար կուսակցություն փոխեց, նման անփառունակ վախճան «ունենար»:
-Ո՛չ, չհարցրի:
-Ձեզ հետաքրքիր չէ՞ր:
-Ո՛չ :
-Հնարավո՞ր է` Ձեզ հետ էլ նման կերպ վարվեն:
-Հնարավոր չէ:
-Է՜հ, պարոն Գրիգորյան, աշխատում եք այլ կառավարությունում, բայց պատասխանում եք այլ կառավարության ոճով։ Կարոտո՞ւմ եք Ձեր մարզպետությանը, բայց նայեք` ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ. Դուք մարզպետ էիք, դարձաք նախարար, նա նախարար էր, դարձավ մարզպետ. դե, Արամ Հարությունյանը, է՛լի, ում ջրով լի բաժակ տվեցին։ Որի՞դ վիճակն է ավելի նախանձելի:
-Երևի այդ հարցն ինձ չպետք է ուղղեք։ Ես իմ ուղին եմ անցել, գիտեմ` ուր եմ եկել, գիտեմ՝ որքան դժվար է այստեղ լինելու, բայց պետք է աշխատել, հաղթահարել:
-Ո՞րն է լավ` մարզպե՞տը, թե՞ նախարարը:
-Տարբեր պատասխանատվություններ, տարբեր դժվարություններ են:
-Չէ, շատերը կարծում են, որ Դուք լավ պրծաք Արարատի մարզից:
-Չկա նման խնդիր: Արարատն իմ մարզն է` իմ ծննդավայրը, չէր կարող նման բան լինել:
-Չէ՜, ասում են մրից ելել, մրջուրն եք ընկել:
-Ժողովրդական բանահյուսությունը լավ բան է, սակայն սա էդ դեպքը չէ:
-Ինչպե՞ս են փոխհարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ, ասում են` նա առանձնապես ուրախ չէր, որ Գրիգորյաններն են «նշանակվել» մարզի «տեր», ինչ-ինչ պատմություննե՜ր եղան:
-Չկան, չեն եղել և չեն լինելու «պատմություններ», լրագրողական երևակայության արդյունք են այդ բոլորը։ Մենք եղել ենք և ենք նույն թիմի անդամներ, որոնք շատ նորմալ միմյանց հետ աշխատում են:
-Չէ, ասում են՝ չի ուզել, որ Դուք նախարար նշանակվեք:
-Քիչ առաջ ԱԺ բարձր ամբիոնից նա հայտարարեց, որ ինքն է ընտրել կառավարության բոլոր անդամներին, ուստի Ձեր հարցը ժամանակավրեպ է:
-Էն անեկդոտը գիտե՞ք. հարևանը մտնում է «պոլերին մաստիկա» քսող հարևանուհու տուն, տեսնում է` սկեսուրին շալակը դրած է «մաստիկա» քսում: Արմանք-զարմանք կտրած հարցնում է. «Ախչի, էս ինչի՞ ես Ազգուշին դրել շալակդ, նոր ես գործ անում»: Հարևանուհին դարդիման պատասխանում է. «Որ էրեսը չտեսնեմ»։ Իսկ Ձեր իրավահաջորդի` Արարատի նոր մարզպետի մասի՞ն ինչ կարծիքի եք։ Ա՛յ, նրան հաստատ Հովիկ Արգամիչն է նշանակել:
-Ես իրեն, ճիշտն ասած, չեմ ճանաչում, աշխատանքային շփումներ չենք ունեցել, կդժվարանամ ինչ-որ բան ասել, հաջողություններ կմաղթեմ ընդամենը:
-Կարծում եմ` ինքը դրա կարիքը չունի, առանց այն էլ այդ մարզին հատուկ աչքով են նայում, հիմա` առավել:
-Ես շնորհակալ եմ Ձեզնից, բայց Դուք տեսնում եք` նիստն արդեն սկսվեց, Ձեր թույլտվությամբ ես մտնեմ դահլիճ:
-Թույլատրում եմ:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ